Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիին:

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Ձեզ հոկտեմբերի 1-ին կայացած՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Սա ժողովրդավարության մեծ հաղթանակն էր Ձեր երկրում: Խաղաղ, ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը քաղաքական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության կայացվածության վկայությունն է, ինչպես նաեւ անձամբ Ձեր հանդեպ ժողովրդի մեծ վստահության արդյունքը:

Ես տեղյակ եմ, որ իմ բազմաթիվ հայրենակիցներ ակտիվ մասնակցություն են ունեցել «Վրացական երազանքի» արձանագրած հաջողություններում: Վրաստանի հայ համայնքն ունի դարերի պատմություն եւ մեծ ավանդ է ունեցել Վրաստանի շենացման եւ հզորացման գործում: Ինչպես Ջավախքում, այնպես էլ Վրաստանի մյուս բնակավայրերում ապրող հարյուր հազարավոր հայերը կարող են դառնալ մեր երկու երկրների ավանդական բարեկամությունն ամրապնդող հենասյուներից մեկը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ անձամբ ես պատրաստ ենք մեր ավանդը ներդնել հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում:  Ես վստահ եմ, որ միայն ժողովրդավարական երկրների միջեւ է հնարավոր իրական բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների հաստատումը: Վստահ եմ նաեւ, որ միայն ժողովրդավարության ուղին ընտրած պետություններն են ի վիճակի Հարավային Կովկասում ապահովել խաղաղություն եւ կայուն զարգացում: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ ամբողջ վրաց ժողովրդին: