Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում: Կողմերը գոհունակությամբ  փաստել են վերջին շրջանում միջխորհրդարանական փոխայցերի եւ փոխշփումների ակտիվացումը, կարեւորել երկու խորհրդարանների միջեւ գործակցության խորացումը, բարեկամական խմբերի միջեւ շփումները: Անդրադարձ է կատարվել նաեւ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրին, որը Հայաստանում գործում է 1998թ.-ից եւ տվել է իր դրական արդյունքները: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հայ ուսանողներ պրակտիկա են անցել  Բունդեսթագում եւ իրենց ձեռք բերած գիտելիքները հաջողությամբ կիրառում են տարբեր ոլորտներում: Նշենք, որ հաջորդ տարվանից, երկու խորհրդարանների նախագահների պայմանավորվածության համաձայն, գերմանացի ուսանողներին եւս հնարավորություն կընձեռնվի պրակտիկա անցնել Հայաստանի խորհրդարանում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: