Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երեւանի Նար –Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով ստեղծվել է հիմնական հանրակրթական դպրոց 1-9 րդ դասարանների աշակերտների համար։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դպրոցի գործունեության եւ կրթական ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս քաղաքապետարանի պատրաստակամությունն է հայտնել սիրիահայ երեխաների կրթության հետ կապված խնդիրների լուծման եւ աջակցման հարցում. «Սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոցը էլ ավելի դյուրին կդարձնի սիրիահայ երեխաների ուսուցումը Երեւանում։ Սիրահայ ընտանիքները առաջին իսկ օրվանից եղել են մեր ուշադրության կենտրոնում եւ այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որ մեր հայրենակիցները Երեւանում իրենց զգան ինչպես տանը»,-նշել է քաղաքապետը, հավելելով, որ արդեն իսկ սիրիահայ ընտանիքների 58 երեխա Երեւանի ավագանու որոշմամբ անվճար հաճախում են մանկապարտեզ:
Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հատկանշել է Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հատուկ վերաբերմունքը սիրիահայ ընտանիքներին աջակցելու հարցում:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի դռները բաց են բոլորի համար եւ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է օժանդակել ու համապատասխան քայլեր ձեռնարկել:





























