Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վարդան Օսկանյանի գործով լրացուցիչ երաշխիքներ տալն ամենալավ ուղին չէ: Այդ մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե պատրաստ են իրենց տեղը պատվիրակությունում զիջել Վարդան Օսկանյանին:

«Դա յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, բայց կարծում եմ` ամենալավ ուղին չէ: Սա այն հարցն է, որ պետք է բաց քննարկվի, իսկ արդյունքներից պետք է հետևություն անեն բոլորը»,- նշել է Հարությունյանը եւ հավելել, թե կարծում է` Օսկանյանն ինքն էլ չի գնա դրան, քանի որ քաղաքական գործիչ է եւ նպատակ ունի ապացուցել իր անմեղությունը:

Հարությունյանը նաեւ հրաժարվեց գնահատական տալ Վարդան Օսկանյանի գործին` պատճառաբանելով, թե Ազգային Ժողովում քննարկումներին չի մասնակցել, եւ այժմ ինքն իր համար կարծիք է ձեւավորում: