Հայաստանի ԱԳՆ շենքում կտեղակայվի Հայկական մշակույթի միջազգային կենտրոնը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է լավատեղյակ աղբյուրը, կենտրոնը կզբաղեցնի շենքի հատվածներից մեկը: Ամբողջ շենքի հետագա նշանակությունը ներկայումս քննարկվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի ԱԳՆ շենքը երկրի կառավարության որոշմամբ հանձնվել է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Գործարքի արժեքը կազմել է 20,6 մլրդ դրամ (շուրջ 50,4 մլն դոլար), շենքի տարածքը 14,2 հազար քմ է: Նշվում է, որ շենքում 5-աստղանի հյուրանոց կբացվի:
Գործարքի հետ կապված, Կառավարության պետական գույքի կառավարման կոմիտեն տեղեկություն է հրապարակել, որտեղ հիշեցրել է, որ հուլիսին «Տանգո» ընկերությանն է հանձնվել նաեւ Արդարադատության նախարարության նախկին շենքը: Այդ տարածքում ընկերությունը պետք է հասարակական շենք կառուցվի, որտեղ կտեղավորվեն Արարադատության եւ ԱԳ նախարարությունները:
Շենքը պետք է կառուցվի մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը: Միայն դրանից հետո ԱԳՆ շենքը կհանձնվի նոր սեփականատիրոջը:





























