Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 9-ին 6-ժամյա այցով մեկնել է Աթենք, որպեսզի բարոյական աջակցություն ցուցաբերի տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող երկրին: Հույները Մերկելի բարեհոգությունը չեն գնահատել եւ նրան դիմավորել են նացիստական համազգեստով:
Չնայած որ հասարակությանն արգելել էին 100 մ-ից ավելի մոտենալ մայրուղուն, որով Մերկելը հանդիպման էր գնում հույն վարչապետ Անտոնիս Սամարոսի եւ նախագահ Կարլոս Պապուլյասի հետ, մի քանի տասնյակ մարդ, որոնք հագել էին նացիստական համազգեստ, շարվել էին նախապես ընտրված վայրերում: Նրանք նացիստական ողջույն են տվել եւ այրել սվաստիկայով դրոշները՝ ակնարկելով Հունաստանի նկատմամբ Գերմանիայի ֆաշիստական վերաբերմունքը, հայտնում է «Իզվեստիան»:
Ինչպես հայտնում է rbc-ն, մինչ Անգելա Մերկելը բանակցություններ էր վարում Հունաստանի վարչապետի հետ, հունական խորհրդարանի շենքի առաջ արհմիությունների եւ ընդդիմադիր «Սիրիզա» կուսակցության կոչով հավաքվել են կանցլերի այցի դեմ բողոքող 25 հազար մարդ:
Տեղի են ունեցել բախումներ, ձերբակալվել է 100 մարդ:
Մերկելից հունական կառավարությանն աջակցող հայտարարություն են ակնկալում: Սակայն, ըստ փորձագետների, ներկա իրադրությունում բեկում չի լինի: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ երկիրը չի կարող հասնել պետհարկի կրճատման նպատակային ցուցանիշների, որն անհրաժեշտ պայման է նոր վարկեր ստանալու համար:











