Ուրախալի փաստ. կարմիր խավիարը կիլոգրամի գինը մեկ տարվա ընթացքում աճել է ընդամենը ...2,2%-ով: Բարձր չէ, սակայն կիլոգրամի մեջ բացարձակ թվով գինն ավելացել է մոտ 1,3 հազ. դրամով: Ավելացնենք, որ կիլիոգրամի միջին մանրածախ գինը (մոտ 60 հազ. դրամ) գրեթե երկու անգամ գերազանցում է հանրապետությունում նվազագույն աշխատավարձը: Այդ իսկ պատճառով սեւ խավիարի գնին չենք անդրադառնում` հասարակության մեջ շոկ չառաջացնելու համար:
Այսպիսով, սկսենք Հայաստանի բնակիչների համար կարեւոր սննդամթերքից` հացից: Մեկ տարվա ընթացքում կիլոգրամի մանրածախ գինն ավելացել է 26,6 դրամով կամ 5,8%-ով: Նշենք, որ «կիլոգրամ» ասվածն էլ բավականին հարաբերական է, քանի որ իրական քաշը հազվադեպ է կիլոգրամին համապատասխանում:
Թեթեւ դրական տեղաշարժ կա մսեղենի որոշ տեսակներում. տավարի մսի կիլոգրամի գինը նվազել է 55,5 դրամով, իսկ ոչխարինը` ամբողջ 140,7 դրամով: Սակայն ահա խոզի մսի գինը կիլոգրամի մեջ ավելացել է 318,4 դրամով:

Նշենք, որ մեզանում մսի, ինչպես նաեւ մյուս ապրանքատեսակների գները վաղուց մոտեցել են «եվրաստանդարտներին», այսինքն գրեթե չեն տարբերվում զարգացած երկրների սուպերմարկետների գներից:

Փոխարենը պանրի գինն է որոշ չափով «նվազել»: Չակերտն այստեղ պատահական չէ. հիշեցնենք, որ անցած տարի պանրի գներն արհեստականորեն բարձրացել էին, սակայն պետության միջամտությունց հետո վերադարձան «ելման դիրքերին»:
Այսպիսով, երկու տարվա ընթացում «չանախ» տեսակի պանրի գինը բարձրացել է 15,4%-ով, «լոռիինը»` 18,8%-ով, տնականինը` 40,8%-ով, իսկ արտասահմանյան «չեդերինը»` 10,5%-ով: Տեղեկանքի համար նշենք, որ զարգացած երկրներում, որոնց բնորոշ է «սովորական» գնաճը, երկու տարվա կտրվածքով ընդունելի է համարվում 5%-անոց, առավելագույնը` 6%-անոց գնաճը: Այնպես որ, պանրի գնաճն ամենեւին էլ «եվրաստանդարտի» մեջ չի տեղավորվում:

Մեկ տարվա ընթացքում նկատելի աճել են խմիչքի, ինչպես ալկոհոլայինի, այնպես էլ ոչ ալկոհոլայինի գները: Հատկապես կտրուկ գնաճ է նկատվել հայրենական արտադրության կոնյակի մասով: Թե ինչու է տեղական հումքից պատրաստվող այդ խմիչքը թանկացել, անհասկանալի է մնում:

Նոր տարին առանց լրացուցիչ ծախսերի դիմավորել ցանկացող սպառողներին կարելի է խորհուրդ տալ նախապես գնել այն մթերքները, որոնց գները ավանդաբար բարձրանում են Նոր տարվա նախաշեմին, եթե, իհարկե, շուտ փչացող չեն: Ամեն դեպքում նախապես գնելուց վնաս չկա, քանի որ գների նվազում մեզ այդպես էլ չի սպառնում:



























