Հայաստանին գիտությունը, անկասկած, անհրաժեշտ է, եւ երկրորդ կարծիք լինել չի կարող: Մենք չունենք նավթ, բնական ռեսուրսներ եւ պետք է օգտագործել այն, ինչ ունենք` մեր հիմնական հարստությունը` մարդկային ռեսուրսը: Այլ հարց է` կարողանո՞ւմ են այստեղ գիտություն անել, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին գիտաշխատող Սասուն Գեւորգյանը, ով արդեն երկու տարի է, ինչ աշխատում է որպես հրավիրված փորձագետ Թայվանի «Սինիկա» ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում (Institute of Physics, Academia Sinica):
Գեւորգյանի խոսքով` մենք հասել ենք նրան, որ հարցին «ինչո՞վ ես զբաղվում» արդեն ամոթ է դարձել պատասխանելը «ես գիտնական եմ»: «Մենք հասել ենք նրան, որ «ես գիտնական եմ» բառերը հեգնական ժպիտ են առաջանում: Նման իրավիճակում սարսափելի է մտածել ոչ միայն մտավոր աշխատանքի, այլեւ երկրի ճակատագրի մասին: Ո՞ւր ենք մենք գնում»: Նա կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ ազնվորեն հայտարարել, որ այդ ամենը մեզ պետք չէ, եւ այդ ժամանակ գիտնականները ինչ-որ կերպ կկողմնորշվեին` ինչ անել: Թե չէ ինչ -որ քվազիինտելիգենտ խոսակցությունենր են տարվում գիտելիքահեն հասարակության մասին եւ 40 հազ. դրամ տալիս այդ գիտելիքն ստեղծողներին:
Գիտնականի խոսքով` կրթությունն ու գիտելիքը լիովին արժեզրկվել են, երկրում գիտության մարդիկ ամենացածր վճարվողներն են: Ստեղծված իրավիճակից ելքը նա տեսնում է նրանում, որ գիտնականների աշխատանքի վճարման հարցում երկու բաղադրիչ հաշվի առնվի, ինչպես արվում է ողջ աշխարհում: Առաջինով վճարվի դիրքի համար (ներդրումների, մեդալների, պատվոգրերի եւ այլնի), ե երկրորդով` իրական աշխատանքի, արդյունքի համար: Զարգացած երկրներում, ըստ նրա, բարձր է դիրքի համար բաղադրիչը, զարգացող երկրներում` իրական աշխատանքի արդյունքը:
Ի պատասխան մեր դիտարկմանը, որ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության հեղինակները հենց դա էլ առաջարկում են` ներդնել գիտնական աշխաըանքի գնահատման մեխանիզմ` հաշվի առնելով միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումները, Գեւորգյանն ասաց. «Կա առաջին հեղինակ, կա հեղինակ, որը ներկայացնում է հոդվածն ամսագրում եւ կա համահեղինակների խումբ: Եթե համահեղինակների խումբը 150 հոգանոց է` վերջում էլ երկու հայի ազգանուն կա, դա ոչ մի միավոր չի տալիս: Դրանք բոլորն անցած փուլեր են: Ուզո՞ւմ ես, որ քո երկրում կոնկերտ այդ ճյուղը զարգանա, խրախուսիր հարպարակումները համապատասխան ամսագրերում»,-նշեց նա:
Ըստ Գեւորգյանի` Հայաստանում գիտության հետ կապված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է լուծել առավել գլոբալ խնդիր` շտկել արժեքային համակարգը:




























