«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին:
Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտնում է, թե առանձնազրույցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարեւորել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը:
Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են մեր երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ:
Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին, Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով եւ ամենայն ուշադրությամբ հետեւում է բոլոր զարգացումներին:
Դեսպանի խոսքով, սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:
Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները եւ կապահովեն օրենքի գերակայությունը այս հարցի լուծման գործում:
Իր հերթին, Գագիկ Ծառուկյանը նշել է. «Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ հանձնարարել խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ եւ սկզբունքային հայտարարություններով եւ ելույթներով»:
ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետեւողական է լինելու, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա եւ կայացվի օբյեկտիվ որոշում:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանի հրավերով դեսպանը շրջայց է կատարել նաեւ Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում, հիացական գնահատականներ տվել հոգեւոր այս կառույցի ճարտարապետության վերաբերյալ, ասվում է ԲՀԿ հաղորդագրության մեջ:





























