Իսպանիայի խորհրդարանը թույլ չի տվել Կատալոնիային անկախության հանրաքվե անցկացնել: Նման առաջարկով հանդես են եկել Կատալոնիայի հանրապետական ձախերի կուսակցության պատգամավորները, սակայն առաջարկին դեմ է քվեարկել ինչպես իշխող «Ժողովրդական կուսակցությունը», այնպես էլ Իսպանիայի սոցիալիտական աշխատավորական կուսակցությունը, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը սեպտեմբերի վերջին առաջին անգամ հայտարարել է նման հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին: Իսպանիայի իշխանությունները այդ նախաձեռնությունը բացասաբար են ընդունել, նշելով, որ Կատալոնիայի կառավարությունն իրավունք չունի անկախության հանրաքվե անցկացնել առանց թագավորության իշխանությունների թույլտվության:
Կատալոնիան անկախ պետություն է եղել մինչեւ 1714 թվականը, սակայն պատերազմի ընթացքում գրավվել է եւ միացվել Իսպանիային: Կատալոնացիները բազմիցս փորձել են հասնել անկախության: Այսպես, 2012 թվականի սեպտեմբերին ողջ Կատալոնիայում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ «Կատալոնիան՝ Եվրոպայի նոր պետություն» կարգախոսով, որոնց մասնակցել է ավելի քան 1,5 մլն մարդ:





























