Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ամառային ուսումնառության ընթացքում անցկացվել են մարտավարական 20 զորավարժություններ եւ ստորաբաժանումների մարտական 150 կրակոցներ: Ուսումնավարժանքների ամառային փուլն ավարտվում է մոտոհրաձգային գումարտակի ռազմավարական զորավարժությամբ: Այն ընթանում է «Կամհուդ» համալիրում, հայտնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդման` գումարտակի անձնակազմը ոտքի է հանվել ահազանգով եւ երթ իրականացրել մինչեւ զորավարժությունների անցկացման վայր: Զորավարժությունների ընթացքում բացի մոտոհրաձգային ստորաբաժանումներից գործարկվել են նաեւ տանկեր` Տ-72Բ, «Գվոզդիկա» հրետանային սարքավորումներ, «Շիլկա» զենիթային ինքնագնաց: Ընդհանուր առմամբ գումարտակային զորավարժություններին ներգրավված են եղել ռազմական եւ հատուկ 100 միավոր տեխնիկա եւ շուրջ 400 մարդ:





























