«Արմենիա Մարիոթ » հյուրանոցային համալիրի 9 հարկանի շենքի 6-րդ հարկում այսօր` հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 4 մարդ տուժել է: Սակայն, բարեբախտաբար, այդ ամենը բեմականացված էր ուսումնավարժության շրջանակներում (ֆոտոռեպորտաժ):
«Արմենիա Մարիոթ » հյուրանոցի անվտանգության բաժնի պատասխանատու Կարեն Սուքիասյանն ասաց, որ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները հրդեհը նկատել են 12.00-ին եւ այդ մասին տեղեկացրել անվտանգության բիզնես կենտրոնին, որտեղից էլ անմիջապես ահազանգել են հրշեջ կայան: Ահազանգից 3 րոպե անց հրշեջները եւ փրկարարները դեպքի վայրում են եղել: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, փրկարար ծառայության գնդապետ Պավել Գյոզալյանն էլ ասաց, որ հրդեհի արդյունքում կան նաեւ տուժածներ այրվածքներ ստացած 2-ի տուժածներին ավտոսանդուղքի միջոցով իջեցրել եւ հանձնել են շտապօգնությանը, ողնաշարի կոտրվածքով եւ այրվածքներով մյուս տուժածներին էլ պատգարակով են իջեցրել ներքեւ:
Ավելին` շենքի աջ կողմից փրկարարները հետախուզական աշխատանք իրականացնելուց հետո, երբ տուժածներ չեն հայտնաբերել, ճանապարհը փակ լինելու պատճառով իրենք իրենց փրկել են եւ պարանների օգնությամբ իջել են շենքից: Արդյունքում` հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներն ավարտվել են հաջողությամբ: «Վարժանքների նպատակն էր ուսուցանել հյուրանոցային համալիրի աշխատակիցներին, թե հրդեհի ժամանակ ինչ միջոցների դիմեն, ինչպես նաեւ հստակեցնել հրշեջների եւ փրկարարների գործողությունները հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ,երբ կան տուժածներ»,- ավելացրեց Պավել Գյոզալյանը: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի անվտանգության բաժնի պատասխանատու Կարեն Սուքիասյանն էլ ավելացրեց, որ ամեն տարի իրականացնում են հակահրդեհային ուսումնական վարժանք, որը աշխատողներին հմտեցնում է, թե արտակարգ իրավիճակների ժամանակ ինչպես ճիշտ գործել: «Այսօր այս վարժանքը համատեղ իրականացրեցինք ԱԻՆ վարչության հետ: Միջոցառումների արդյունքում աշխատողները բավականին հմտացել են եւ այսօր նրանք պատրաստ են ոչ միայն էվակուացնել իրենց, այլեւ օգնել կողքիններին եւ հյուրանոցի հյուրերին»,- ավելացրեց Կարեն Սուքիասյանը:





























