Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը խիստ մտահոգություն է հայտնել  ռուսական ուղեւորներով Մոսկվա-Դամասկոս չվերթի ուղեւորատար  ինքնաթիռի  նկատմամբ թուրքական կողմի վերաբերմունքի համար:

Ինչպես փոխանցում է ՌԲԿ-ն, Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ գերատեսչությանը մտահոգում է այն, որ վտանգի տակ է դրվել ուղեւորների կյանքը եւ անվտանգությունը, որոնց թվում եղել են Ռուսաստանի 17 քաղաքացիներ: Ընդ որում, Լուլաշեւիչի խոսքով, թուրքական կողմը չի տեղեկացրել Անկարայում Ռուսաստանի դեսպանատանն այն մասին, որ ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Ռուսաստանի քաղաքացիներ:

Թուրքական իշխանությունները, առանց պատճառները բացատրելու եւ խախտելով երկու դեսպանությունների համաձայնությունները, դիվանագետներին մերժել են ռուս քաղաքացիների հետ հանդիպում տրամադրել, որոնց 8 ժամ  շարունակ դուրս չեն թողել ինքնաթիռից:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել հոկտեմբերի 10-ին թուրքական Ռազմաօդային ուժերի պահանջով` այն կասկածով, թե իբր ինքնաթիռը ռազմական բեռ է տեղափոխում: Բազմաթիվ խուզարկություններից հետո անձնակազմին թույլ են տվել շարունակել ճանապարհը, սակայն բռնագրավել են ռադիոկայանների սարքավորումներ, որոնք թուրքերը ռազմական բեռ են համարել: Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունները օրեցօր սրվում են այն պատճառով, որ Անկարան բացահայտ կերպով աջակցում է սիրիական ընդդիմության գրոհայիններին, ովքեր ահաբեկչական գործողություններ են իրականացնում Սիրիայի տարածքում: Հոկտեմբերի 11-ին Սիրիան հայտարարել է, որ դադարեցնում է  Թուրքիայից էլեկտրաէներգիայի գնումը: