Հայաստանում բնակվում է 0-ից 18 տարեկան մոտ 422.000 աղջիկ երեխա: Այս մասին նշվում է «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրված զեկույցում, որը հրապարակվեց ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից այսօր՝ Աղջիկ երեխայի անդրանիկ միջազգային օրը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից,

Հայաստանի աղջիկ երեխաների ամեն հինգից երկուսն (42.8%) ապրում է աղքատության, իսկ ամեն հարյուրից գրեթե չորսը (3.7%)՝ ծայրահեղ աղքատության մեջ:  Հայաստանում աղջիկ երեխա ցանկացող ամեն ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ցանկացող վեց ընտանիք: Մեր երկրում ամեն տարի հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով չի ծնվում միջինը 1400 աղջիկ երեխա: Հայաստանում աղջիկ երեխաներն արդեն մոտ 45.000-ով քիչ են տղա երեխաներից (0-ից 18 տարեկան), եւ այդ միտումը շարունակվում է:

2011 թ.-ին Հայաստանում ծնվել է 20287 աղջիկ եւ 23160 տղա, այսինքն՝ 100 աղջկան բաժին է ընկել 114 տղա, մինչդեռ բնական համամասնությունը պիտի լիներ 100 աղջկան՝ 102-106 տղա: 2011թ. տվյալներով` Հայաստանում նորածին աղջիկներին ամենահաճախն անվանակոչում են Մանե, Միլենա կամ Էլեն: Հայ աղջիկները մեծանալուց հետո ստանում են կրթություն, պատահական չէ, որ Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց մոտ 60 տոկոսը կանայք են: 2010թ. տվյալներով` հայ աղջիկները ամուսնանում են միջինը 24.6 տարեկանում, նրանք ունենում են միջինը 1-2 երեխա: 2010թ. տվյալներով`  երկու կնոջը բաժին է ընկնում երեք երեխա: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենայկից հայտնեցին նաեւ, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների ավելի քան 70 տոկոսը կանայք են: Նրանք ապրում են միջինը մինչեւ 77 տարեկան՝ 7 տարի ավելի, քան տղամարդիկ:

Նշենք, որ ՄԱԿ-ը առաջին անգամ աշխարհում այսօր` հոկտեմբերի 11-ին, նշում է Աղջիկ երեխայի միջազգային օրը, որի թեման այս տարի երեխաների ամուսնությունն է: Նշված թեմայով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակում է զեկույց՝ «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրով: Ըստ այդ զեկույցի` եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչեւ 2030 թ.-ն յուրաքանչյուր տարի ամուսնացող մանկահասակ հարսնացուների թիվը 2010 թ.-ի 14.2 մլն-ից կհասնի 15.1 մլն-ի՝ աճելով ավելի քան 14%-ով: