ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հոկտեմբերի 11-ին ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Ինչպես NEWS.am-ին խորհրդարանի մամուլի ծառայությունից, ողջունելով եւ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները, կարեւորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով, անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի էլ ավելի խորացումը: Նա համոզմունք հայտնեց, որ պարոն Ռեիսիի պաշտոնավարման ժամանակ հայ-իրանական հարաբերությունները էլ ավելի կզարգանան եւ կամրապնդվեն: «Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում»,-նշել է Արբահամյանը: Նրա խոսքով` երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հիմք է հանդիսանում նաեւ տնտեսական կապերի հետագա ընդլայնման եւ զարգացման համար: Ըստ Աժ նախագահի` երկկողմ տնտեսական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում գրանցել են դրական տեղաշարժ, սակայն դրանով չպետք է բավարարվել, քանի որ քաղաքական առումով բարձր մակարդակի շփումները պարտավորեցնում են գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունների տնտեսական ոլորտը առավել զարգացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իրանի դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց ԻՒՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ողջույնները եւ պաշտոնական այցի հրավերը, վստահություն հայտնելով, որ Աբրահամյանի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարեւորեց երկկողմանի հարաբերությունների զարգացումը բոլոր բնագավառներում: Միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում երկուստեք կարեւորվեց պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ իր լավագույն մաղթանքները խնդրեց փոխանցել ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին ու Իրանի ժողովրդին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ երկկողմանի հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս:




























