Մինչեւ տարեվերջ Հանրապետական կուսակցությունը կհրավիրի արտահերթ ժողով կամ համագումար, որտեղ կհայտարարի Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին պաշտոնական առաջադրման մասին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ՀՀԿ գոծադիր նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը գաղտնի հանդիպումներ են ունենում եւ նախագահը ժամանակ է տվել Գագիկ Ծառուկյանին, Շարմազանովը ասաց, որ դա աբսուրդների շարքից է: «Որեւէ մեկը որեւէ մեկի առաջ ժամկետներ չի դրել, գաղտնի պայմանավորվածություններ չկան: Իսկ եթե հանդիպել են, այդտեղ զարմանալու բան չկա, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է եւ հնարավոր է` այդ շրջանակներում հանդիպումներ լինեն»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով`  նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի տեսակետը իրենց խնդիրն է, իրենց մենաշնորհը եւ ինչպես նրանք են հայտնել, երբ ժամանակը գա, այդ մասին կհայտարարեն; Նա հերքեց նաեւ տեղեկությունները, թե ԲՀԿ-ական նախկին պաշտոնյանների դեմ քաղաքական արշավ է սկսվել` շեշտելով, որ իրենք ընտրել են ժողովրդավարության ճանապարհը եւ դա դեմ է իրենց սկզբունքներին:

Ի դեպ, ՀՀԿ նիստին ներկա չէր վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ովքեր ներկա չեն նիստին, հարգելի պատճառներով են բացակայել: