Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը   «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի ներդրումների հարցը  կարող է քննարկվել դեկտեմբերին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

«Մենք «ՌԵՈՒ»-ի հետ մշտապես կառուցողական համագործակցություն ենք ծավալում` համաձայնեցնելով ներդրումային ծրագրերը: Արտասահմանյան համագործակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին», - Երեւանում ընթացող հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում նշել է Սոկոլովը: Հարցին` արդյոք նման ներդրումների հավանականություն կա «ՌԵՈՒ»-ի ներդրումային երկարաժամկետ ծրագրերում, Սոկոլովը պատասխանել է, որ ծախսերի նման մանրամասներ կազմվում են տարվա կտրվածքով:

Հիշեցնենք, որ, մասնագետների գնահատմամբ, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը կարող է տեւել 5 տարի, այն կարող է արժենալ 1,5 - 2 միլիարդ դոլար: 2009 թվականի փետրվարին որոշում էր կայացվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Իրանի տրանսպորտի նախարարների տեղակալների վերահսկողությամբ շինարարությունը համակարգող աշխատանքային խմբի ստեղծման մասին, իսկ 2009 թվականի օգոստոսին Հայաստանի կառավարությունն ստեղծել էր  «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՊՓԲԸ-ն՝ ապագա շինարարության ղեկավարման համար: Հենց այդ ժամանակ էլ մրցույթի անցկացման եւ ՏՏԱ-ի պատրաստման համար Ասիական զարգացման բանկը համաձայնել էր հատկացնել 1 միլիոն դոլար: Երկաթուղու գծագիրը կազմել է գերմանա-ավստրիական  «iLF» ընկերությունը: