Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալիռեզա Պակֆետրատի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երեւան են ժամանել «Էրեբունի-Երեւան-2794» տոնակատարությանը մասնակցելու առիթով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երեւանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Խոսելով Երեւանի պատմամշակութային ընդհանուր նկարագրի մասին՝ քաղաքապետը կարեւորել է նաեւ քաղաքի զարգացմանն ուղղված նոր մոտեցումներն ու իրականացվող ծրագրերը: Հատկանշելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը առանձնացրել է համագործակցությունը հատկապես ինքնակառավարման մարմինների միջեւ:
«Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է նաեւ Թեհրան, Թավրիզ եւ Սպահան քաղաքների քաղաքապետարանների հետ, եւ վստահ եմ, որ այդ հարաբերությունների զարգացման ներուժը լավ հեռանկար ունի»-, ընդգծել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ալիռեզա Պակֆետրատը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Շիրազ քաղաքի զարգացման ուղղությունները եւ նշել, որ որպես հին մշակույթ ունեցող քաղաքներ՝ Շիրազը եւ Երեւանը կարող են առավել ընդլայնել հարաբերություններն ու համատեղ ծրագրեր իրականացրել տարբեր ոլորտներում:
«Երեւանի եւ Շիրազի բնակչության թվաքանակի, աշխարհագրական դիրքի եւ բնակլիմայական պայմանների նույնականությունն էլ հաշվի առնելով՝ կարծում եմ շատ լավ կհամագործակցենք նաեւ կառավարման ոլորտում»,- նշել է Շիրազ քաղաքի քաղաքապետը եւ Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Շիրազ՝ համագործակցությունը ամրապնդելով նաեւ փոխայցերով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է երկու քաղաքների միջեւ համագործակցության հուշագիր ստորագրել, որը կնպաստի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու զարգացմանը:





























