ՀՀ  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝  հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը  եւ  «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն  Ադիբեկ Ղազարյանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե կողմերը քննարկեցին ոռոգման համակարգում իրականացվող  եւ նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր:  Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀԲ  աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» ընթացքից:

Փոխվարչապետը ողջունելի համարեց, որ  Համաշխարհային բանկը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում  ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերը եւ անգամ  փորձում է այդ ծրագրերում այլ գործընկերների ներգրավել: «Մեր  օրակարգում շարունակում է մնալ   առավելագույնս արդյունավետ ոռոգման համակարգ ունենալու հարցը, որի միջոցով հնարավոր կլինի  ոռոգման ջրով  ապահովել գյուղացիական բոլոր  տնտեսությունների պահանջարկը»,-նշեց փոխվարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ արվի ջրի կորուստների, ջրի ինքնարժեքի նվազման, ՋՕԸ-երի կարողությունների  հզորացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հյուրերը  փոխվարչապետի հետ քննարկեցին  նոր  ծրագրերի իրականացման ուղղությունները՝  հաշվի առնելով նաեւ կառավարության գերակայությունները: Անդրադարձ եղավ նաեւ  ջրավազանային համակարգի կառավարման պլանների, ջրային ռեսուրսների ռազմավարության մշակման ուղղությամբ  հետագա համատեղ ծրագրերին: