Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի կառավարության անունից ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը կարեւորել է տարբեր երկրներից ժամանած մասնագետների մասնակցությունը գիտաժողովին. «Այսպիսի համախմբումը բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայ տնտեսագետների հետ միասին քննարկենք արդիական խնդիրները, որոնք ծառացած են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում ու աշխարհում եւ էական ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա»:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ժամանակակից աշխարհի առանձնահատկությունները, հանրությանը եւ Ազգային ժողովին է ներկայացրել նոր տնտեսական քաղաքականության սկզբունքները, որոնց նա անդրադարձել է իր ելույթում. «Հայաստանի Հանրապետության նոր պատմության մեջ առաջին անգամ տնտեսական քաղաքականությունում որդեգրեցինք սկզբունք, որ պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու համար, այլեւ պարտավոր է, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, իրականացնել հստակ արդյունաբերական քաղաքականություն: Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ այդ սկզբունքի ներքո մշակեցինք եւ հանրությանը ներկայացրեցինք նոր հայեցակարգ, որը բավական բուռն քննարկման առարկա դարձավ տարբեր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, բայց ընդհանուր առմամբ հավանության արժանացավ: Այդ մոտեցման ներքո 11 ճյուղ, որտեղ մեր երկիրն ունի հարաբերական առավելություններ եւ արտահանման մեծ ներուժ, սահմանել ենք որպես առաջնահերթություն եւ պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո այդ ճյուղերի համար մշակում ենք զարգացման ծրագրեր: 2012 թ. առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8.3 տոկոս, իսկ գնաճը` 2.2 տոկոս, ինչը նշանակում է, որ այս նոր մոտեցումը դրական արդյունք է տալիս»:

Կառավարության ղեկավարը խոսել է նաեւ տնտեսության մարտահրավերների մասին.  «Հասկանալի է, որ տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ինդեքսը կարեւոր ցուցանիշներ են, բայց շատ ավելի կարեւոր է, որպեսզի մեր քաղաքացիներն զգան տնտեսական աճն իրենց կենսամակարդակի վրա: Այդ տեսակետից դեռեւս մեծ անելիքներ ունենք, որովհետեւ մեր առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, եւ դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար: Վճարային հաշվեկշիռը, առեւտրային հաշվեկշիռը դեռեւս բավական մեծ ճեղքվածք ունեն, չնայած որ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին»:

Այս համատեքստում վարչապետը կարեւորել է համաշխարհային տնտեսական իրավիճակը եւ միջազգային զարգացման միտումները. «Այս 20 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես իրականացրել է բաց տնտեսական քաղաքականություն, եւ դա նշանակում է, որ պետք է աչալուրջ լինենք միջազգային ազդեցությունների տեսակետից»:

Ամփոփելով ելույթը` գործադիրի ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները` ընդգծելով, որ այդ շրջանակում կատարվող ուսումնասիրությունները եւ դրանց հիման վրա ներկայացվող առաջարկություններն օգտակար կլինեն կառավարության գործունեության համար:

 Եռօրյա գիտաժողովի շրջանակում, որին մասնակցում են հայաստանցի եւ սփյուռքահայ տնտեսագետներ, քննարկվելու են տնտեսական զարգացմանը, մրցունակությանը եւ ֆինանսատնտեսական հատվածին վերաբերող հարցեր: