Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ցավակցական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նամակում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խոր վշտով ընդունեցինք Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահվան բոթը, որը ծանր կորուստ է հայ ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնյա աշխարհի համար: Ամենապատիվ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու զորացման, քրիստոնեական հավատքի ամրապնդման, ինչպես նաեւ` միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում: Մեծ է նրա ներդրումը նաեւ հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու եւ Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման հարցում: Ընդունեք իմ խորին ու անկեղծ ցավակցությունը: Այս ծանր պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը եւ իշխանությունները Ձեզ հետ միասին կիսում են անդառնալի կորստի ցավն ու վիշտը»:





























