ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երեկ հոկտեմբերի 15-ին Բուխարեստում հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար, ռումինահայ համայնքի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա խորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների ակտիվացման, խորհրդարանական մակարդակում կապերի զարգացման, խորհրդարանականների կողմից բարձրացվող երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր:

Վարուժան Փամբուկչյանը ներկայացրեց ռումինահայ համայնքի ընթացիկ աշխատանքները, նշվեցին համայնքի հիմնախնդիրները, Հայաստանի հետ գործակցության ոլորտներն ու այդ ուղղությամբ իրականացվելիք հրատապ աշխատանքները:

Այնուհետեւ Արտակ Զաքարյանը հանդիպեց նաեւ իր գործընկերոջ՝ Ռումինիայի խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց երկու հանձնաժողովների միջեւ համագործակցություն հաստատելու հարցը, ինչը հնարավորություն կտա նպաստել խորհրդարանական տարբեր հարթակներում փոխադարձ աջակցությանն ու համատեղ ձեռնարկներով հանդես գալուն: Արտակ Զաքարյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ դրանում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները: Լասլո Բորբելին եւս կարեւորեց խորհրդարանականների միջեւ հարաբերությունների ակտիվացումն ու համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնեց նպաստել երկուստեք այցելությունների եւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Լինելով «Ռումինիայում հունգարացիների դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչ եւ ազգությամբ հունգարացի, Լասլո Բորբելին ափսոսանք հայտնեց կատարվածի համար եւ դիվանագիտական մեծ սխալ համարեց Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին փառաբանելու եւ հերոսացման քայլերը:

Այսօր Արտակ Զաքարյանը Բուխարեստում կմասնակցի Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի աշխատանքներին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի