Արտաքին պարտքի սպասարկման նպատակով 2013 թ. ավելի մեծ գումարներ են նախատեսվում՝ նախորդ տարիների համեմատ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա վերջում արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 մլրդ դոլար, իսկ 2013 թ. վերջում՝ 4 մլրդ դոլար: Սակայն, հաշվի առնելով ՀՆԱ-ի աճը, արտաքին պետական պարտքը 2013 թ. կպահպանվի ՀՆԱ-ի 37%-ի շրջանակներում: Պարտքի նման մակարդակը, ըստ Գ. Մինասյանի, վտանգավոր չի համարվում: Արտաքին պարտքի սպասարկման նպատակով 2013 թ. կհատկացվի 200 մլն դոլար, ինչը եւս բավական բարձր մակարդակ է նախորդ տարիների համեմատ: Գ. Մինասյանի խոսքով՝ պարտքի սպասարկումը բյուջետային որեւէ ծրագրի խաթարման չի հանգեցնի: