Հայաստանից Հալեպ ուղարկված մարդասիրական օգնությունը Թուրքիայի էրզրումում մանրամասն զննության են ենթարկել: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 16-ին հայտարարել է «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը: Չվերթն իրականացվել էր հոկտեմբերի 15-ին, ճանապարհին ինքնաթիռը վայրէջք էր կատարել թուրքական Էրզրումում: Հազարավոր արկղերը հանգամանալից զննության են ենթարկել` համոզվելու համար, որ բեռը զինամթերք չի պարունակում:
Ի պատասխան այն հարցին, թե ինչու թռիչքի մասին ժամանակին չէր հայտնվել, որպեսզի թուրքական կողմը պատրաստ լիներ եւ կրճատեր բեռի ստուգման ժամանակը, Հովհաննիսյանն ասել է, որ այդ դեպքում թռիչքն ընդհանրապես կարգելվեր, քանի որ Անկարան նախապես իր օդային տարածքով արգելել էր ցանկացած թռիչք: «Բացի դրանից, մենք չէինք ուզում բարեգործության վրա ավելորդ ուշադրություն հրավիրել», – հավելել է Հովհաննսիյանը:
Նա նշել է, որ նախաձեռնության կազմակերպիչները գիտակցում են լարված իրադրությունը, սակայն չեն ցանկանում քաղաքականացնել իրենց գործողությունները: «Մենք հերոսանալու միտք չունեինք: Մի քանի երթուղիներ ենք քննարկել, Էրզրումն ամենահարմարն էր: Մեր գլխավոր նպատակը բեռը բարեհաջող Հալեպ հասցնելն էր, որն էլ արեցինք», -եզրափակել է Հովհաննիսյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























