Սիրիայի պետական լրատվական SANA գործակալությունը, որը ներկայացնում է երկրի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը, քաղաքական մեկնաբանություն է հրապարակել կապված հայկական օդանավով, Թուրքիայի տարածքով սիրիահայերին հումանիտար օգնություն տրամադրելու հետ: Մեկնաբանությունում, մասնավորապես, ասվում է.

«Սիրիայի հարեւան երկրներին ուղղված կոչը՝ իրենց օդային տարածքով սիրիական օդանավերի թռիչքներն արգելելու վերաբերյալ, որով հանդես է եկել Թուրքիան, անհաջողության է մատնվել: Սակայն Էրդողանի կառավարությունը, հավանաբար, բավարար չափով դասեր չի քաղել վերջին զարգացումներից, քանի որ հարեւանների հետ հակամարտության ճանապարհին նրա հաջորդ քայլը եղել է Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող օդանավին վայէջք պարտադրելը եւ զննումը: Այս անգամ սցենարը մի փոքր փոխվել էր. հայկական օդանավին թույլ է տրվել Սիրիա թռչել՝ իր տարածքում «տեխնիկական» վայրէջք կատարելու պայմանով: Այդ վայրէջքի պատճառով հայկական օդանավը հայտնվել է հրշեջ մեքենաների շրջապատման մեջ, իսկ ուղեբեռը մանրամասն ստուգում է անցել Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից: Հայաստանը գնացել է նման զիջման, վստահ լինելով իր արդարացիության մեջ եւ այն բանում, որ օդանավի բեռում ոչ մի արգելված բան չկա:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն, հայկական օդանավը Հայաստանից թռիչք է կատարել դեպի Հալեպ: Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ ուղեբեռում հումանիտար օգնություն է եղել սիրիահայության համար, բայց թուրքական իշխանությունները լրագրողներին թույլ չեն տվել ներկա լինել օդանավի զննության գործընթացին:

Երեւանը միջադեպի հետ կապված սառնասրտություն է հանդես բերել՝ թույլ չտալով, որպեսզի Թուրքիայի սադրանքը վերաճի ավելի լուրջ խնդրի, ինը չի կարող հարգանքի չարժանանալ»: