Հայաստանի եւ Իտալիայի կառավարությունների միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթուղթը հոկտեմբերի 17-ին Երեւանում ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Ջամպաոլո Դի Պաոլան:

Ինչպես հանդիպման եւ ստորագրման արարողության ավարտին կայացած ճեպազրույցում հայտնել է Սեյրան Օհանյանը, համաձայնագիրը սահմանում է համագործակցության մի շարք ուղղություններ` ռազմական կրթություն, խաղաղարարական գործունեություն, ռազմաբժշկություն:

 «Հայաստանը կուսումնասիրի Իտալիայի փորձը ռազմարդյունաբերության բնագավառում եւ այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները», - նշել է Օհանյանը:

Նա ընդգծել է, որ սա Իտալիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստան, բանակցությունները հաջող են ընթացել եւ հաստատվել է, որ անցած 10 տարիներին համագործակցությունը զարգացել է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում: Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաեւ ռազմական արդարադատության  բնագավառում: Հայաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները կարող են համագործակցել իտալական կարաբինավորների հետ:

Իտալիայի պաշտպանության նախարարը Հայաստանում գտվում է եռօրյա այցով: Այցի շրջանակում նախօրեին կայացել է Դի Պաոլայի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: