ՀՀ Վերահսկիչ պալատը 2013 թ. կկիրառվի վերահսկողության նոր ձեւ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրա խոսքով` կընտրվեն առավել ռիսկային ծրագրերը, որոնք կգտնվեն ամենօրյա հսկողության վրա:

Ի. Զաքարյանը նշեց, որ վերահսկողության նոր ձեւը կիրառվելու է Ռուսաստանի Հաշվիչ Պալատի օգնությամբ, անցկացվելու են երկու մեծ սեմինարներ փորձի փոխանակման նպատակով:

ՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը լրագրողներին ասաց, որ Հայաստանից ռուսական շուկա պարենային ապրանքների արտահանման որեւէ խոչընդոտ չկա, բայց կան որոշակի խնդիրներ նորմատիվ փաստաթղթերում: Ստեպաշինի խոսքով` ներկայում իրականացվում է լրացուցիչ ուսումնասիրություն Վերին Լարսի տեխնիկական խնդիրների շուրջ:

Հայաստանի եւ Ռուսաստանի վերահսկիչ պալատների ղեկավարների համատեղ հանդիպման ժամանակ քննարկման առանցքում եղել է նաեւ մսամթերքի արտահանման հարցը` հաշվի առնելով աֆրիկյան ժանտախտի խնդիրը, որի մասին լուրը ստացվել է Վրաստանից: «Այսօր հրապարակվել է, որ ՌԴ -ում ոչնչացվել է շուրջ 700 հազար գլուխ խոզ, եւ մենք պարտավոր ենք ապահովագրել մեր բնակչությանն այդ հիվանդությունից»,- ասաց Ս. Ստեպաշինը: Ի. Զաքարյանն ընդգծեց, որ ՌԴ Հաշվիչ պալատի հետ իրենք համագործակցում են արդեն մի քանի տարի: «Քննարկումների ընթացքում շատ կարեւոր որոշումներ կայացրեցինք, հատկապես` Հայաստանին տրամադրվող ռուսական վարկերի օգտագործման արդյունավետությունը պետք է համատեղ ստուգել, իսկ հունվարից մենք անցնելու ենք մի շատ կարեւոր գործընթացի` պետք է վերանայենք մեր օպերատիվ վերահսկողության մեթոդիկան»,- նշեց նա: