Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հոկտեմբերի 17-ին ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլային: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացող հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ,եւ ընդգծելէ, որ անցյալ տարի ՀՀ Նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկկողմ փոխգործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիամպաոլո Դի Պաոլան նշեց, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու համարեւբարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության եւ խաղաղության ապահովման գործին, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություններին:
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվել է պաշտպանական բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, որը, զրուցակիցների բնորոշմամբ, հիմք կհանդիսանա այդ ոլորտում արդյունավետ համագործակցության համար: Հայաստանի արտգործնախարարն ու Իտալիայի պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստան - ԵՄ փոխգործակցությանը, այդ շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացին: Հանդիպմանը մտքեր փոխանակվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ աջակցում է խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:




























