«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 18-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Ընդհանուր առմամբ՝ դոլարը շարունակում է թուլանալ դրամի նկատմամբ: Այսպես՝ բորսայում դոլար առաջարկվել է 405.99 դրամով (երեկ միջին փոխարժեքը 406 դրամ էր), սակայն գնորդ չի գտնվել: Դոլարի պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 405 դրամը:

Սակայն բորսայում համեմատական աշխուժություն է գրանցվել բաժնետոմսերի շուկայում: Երեւանի շամպայն-գինիների գործարանի բաժնետոմսերով կատարվել է 1 գործարք՝ 205.5 մլն դրամի չափով, իսկ «Ալմաստ» ԲԲԸ-ի բաժնետոմսերով՝ 11 գործարք՝ մոտ 800 մլն դրամի չափով: Ընդ որում՝ շամպայն-գինիների գործարանի բաժնետոմսերը վաճառվել են իրենց անվանական արժեքից 8 անգամ ցածր գնով (1 բաժնետոմսը՝ 500 դրամով, անվանական 4000 դրամ արժեքի պարագայում): «Ալմաստի» բաժնետոմսերը վաճառվել են 600 դրամով՝ 1000 դրամ անվանական արժեքի պարագայում:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 403-407 դրամ միջակայքում;

Forex միջազգային շուկայում եվրոն փոքր-ինչ նվազել է դոլարի նկատմամբ: Դա բացատրվում է նրանով, որ նախորդ օրերին եվրոն բավական կտրուկ արժեւորվել էր: Մեկ եվրոյի փոխարժեքը գտնվում է 1.31դոլարի մերձակայքում:

Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարն այսօր էժանացել է եւ արժե 30,7195 ռուբլի: