Հսկայական ծովային սողունը, որը 2009 թվականից հայտնի էր որպես «Իքս գիշատիչ», վերջապես պաշտոնական անվանում է ստացել՝ Pliosaurus funkei: Բացի դրանից, funkei-ին գիտնականները դասել են պլիոզավրների շարքը, իսկ նրա չափերը սկզբում նշվածից փոքրացրել են:
Պլիոզավրի մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել էին 2006 թվականին՝ Շպիցբերգեն կղզիախմբի նորվեգական կղզիներում: Մի քանի տարվա վերլուծությունից հետո գիտնականները որոշել են, որ «Իքս գիշատիչը» նոր տարատեսակ է, եւ նրան անվանել են Բյորնի եւ Մայա Լիս Ֆունկեների պատվին, որոնք առաջինն էին հայտնաբերել քարացած մնացորդները, գրում է LiveScience-ը:
Ավելի վաղ կարծում էին, որ գիշատչի երկարությունը եղել է 15 մ, սակայն վերջին հետազոտությունների արդյունքում այն կրճատել են մինչեւ 12 մ: Ըստ հետազոտողների՝ Pliosaurus funkei-ը ծովի գլխավոր գիշատիչն է եղել, իսկ նրա ատամները տիրանոզավրին էլ կխեղճացնեին:
Պլինոզավր հրեշները, որոնք լողացել են 145-160 միլիոն տարի առաջ` Յուրյան ժամանակաշրջանում, կարճ պարանոց են ունեցել եւ 4 վերջույթներ, գրում է NEWSru.com-ը:
Բացի Pliosaurus funkei քարացած մնացորդներից, Շպիցբերգենի տարածքում հայտնաբերվել են նաեւ այլ գտածոների 40 օրինակներ: Նրանք նկարագրված են գիտական Norwegian Journal of Geology ամսագրում: Նրանց շարքում կան 2 նոր իխտիոզավր (դելֆինների նման սողուններ), մի քանի երկարավիզ պլեզիոզավրներ եւ մի շարք անողնաշարներ:





























