Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի նախաստորագրումն առաջընթաց մեծ քայլ էր, հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Սա իսկապես դյուրացնում է ազնիվ մտադրություններով Շենգենյան գոտու երկրներ ճանապարհորդող անձանց տեղաշարժը»,-նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով, սա վկայում է, որ Հայաստանը հիմնվում է եվրոպական արժեքների եւ չափանիշների վրա. «Իրանակցվող բարեփոխումների տրամբանությունը դրանում է: Եվրոպայի հետ մեր հարաբերությունները եւ աշխատանքը ուղղված է դրան»,-նշեց փոխնախարարը` ավելացնելով, որ ԵՄ-ն, առաջնորդվելով «ավելին ավելիի համար» կարգախոսով, երկու տարվա համար 130 մլն եվրո է հատկացրել 6 երկրի. «Դրանից 65 միլիոնը հատկացվել է երեք երկրի` Մոլդովային, Վրաստանին եւ Հայաստանին: Կարեւորը ոչ թե գումարն է, այլ սկզբունքը` արել եք ավելին, ստացել եք ավելին: Այդ իսկ պատճառով, բացի այս տարի նախատեսված գումարից, մենք լրացուցիչ աջակցություն ենք ստացել»,-հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով` վիզային ռեժիմի դյուրացումը քաղաքական տարր է պարունակում. «Մենք խոսում ենք Հայաստանի եւ ԵՄ-ի սերտացման, քաղաքական երկխոսության ակտիվացման մասին, որի վկայությունը բարձր մակարդակով այցերն են, ընդ որում, մինչեւ տարեվերջ այլ այցեր էլ են սպասվում: Այս ամենն արտացոլում է հարաբերությունների ակտիվությունն ու խորությունը, նրանց դինամիկան»,-ընդգծեց փոխնախարարը:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների համար: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:
Վիզան տրամադրվում է դիմումը տալուց հետո երկու շաբաթվա ընթացում, որոշ անհետաձգելի դեպքերում կարող է տրամադրվել երկու օրվա ընթացքում: «Սակայն հարկ է հիշել, որ յուրաքանչյուր դեպքում որոշումը կայացնելու է կոնկրետ երկրի դեսպանատան հյուպատոսական ծառայությունը: Դա համաձայնագիր է ԵՄ հետ, սակայն յուրաքանչյուր երկիր գնահատման իր մեխանիզմներն ունի»,-հիշեցրեց փոխնախարարը:
ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012թ. փետրվարի 27-28-ին: Նախաստորագրմանը հաջորդելու է ընթացակարգային գործընթաց` համաձայնագրի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ: Ուժի մեջ մտնելու համար համաձայնագրերը պետք է համապատասխանաբար վավերացվեն Հայաստանի Ազգային Ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից: Փաստաթղթի շրջանակում կգործի նրա իրականցման նկատամամբ մոնիտորինգի մեխանիզմը:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրին զուգահեռ` Հայաստանի եւ ԵՄ միջեւ նախաստորագրվել է նաեւ հետընդունման համաձայնագիրը: Այն կարգավորում է ապօրինի միգրացիայի դեպքերի բացահայտման մեխանիզմները, անձանց նույնականացման, հայրենիք վերդարձնելու հետ կապված հարցերը: «Սրանք երկու տարբեր, բայց փոխկապակցված փաստաթղթեր են»,-նշեց Մնացականյանը: Նրա խոսքով` աշխատանքներ են տարվում նաեւ բնակչությանը տվյալ փաստաթղթերի մասին տեղեկացնելու ուղղությամբ. «ԶԼՄ-ների օգնությամբ այդ արշավն անհրաժեշտ է, որպեսզի թյուրըմբռնում չլինի բնակչության կողմից եւ ոչ մեկի մոտ թյուր տպավորություն չստացվի, որ փաստաթուղթն անլեգալ գործողությունների հնարավորություն է տալիս: Դա մեզ համար մեծ վտանգ է ներկայացնում. եթե խախտումների թիվը մեծ եղավ, մեր ողջ աշխատանքը զրոյի կհավասարվի»:




























