«Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:
Չվերթների սպասարկումը դադարեցվել է հոկտեմբերի 19-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում` ավիաընկերության պարտքի պատճառով:
Այս պահին պարտքը կազմում է 3 մլն 215 հազար դոլար: «Նախօրեին «Արմավիան խոստացել էր պարտքը նվազեցնել մինչեւ 3 միլիոնի, սակայն մինչեւ հիմա խոստումը չի կատարել», - նշել է Աբրահամյանը:
Օդանավակայանի մամուլի քարտուղարը նշել է, որ, համաձայն ավիաընկերության խոստումների, պարտքն այսօր պետք է նվազեցվեր մինչեւ 3 միլիոն դոլարի: «Այժմ չվերթների սպասարկումը դադարեցվել է այնքան ժամանակով, քանի դեռ «Արմավիան» չի կատարել խոստումը», - նշել է Գեւորգ Աբրահամյանը: Հարցին` արդյոք չկայացած չվերթների ուղեւորների կողմից դժգոհություններ չեն ստացվում, նա պատասխանեց, որ դժգոհություններ կան, սակայն հարցը վերաբերում է ավիաընկերությանը:




























