Հալեպի Ալ Ազիզիա թաղամասում Ջորջ Լահդայի հրապարակի ուղղությամբ արձակված ինքնաշեն հրթիռից 16 տուժածների շարքում հայեր չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով` այսօր հայկական թաղամասերից հեռու գտնվող հատվածում ակտիվացել էին գրոհայինները, որոնց զուգահեռ գործում են դիպուկահարները:

NEWS.am-ը հաղորդել էր, որ Հալեպի Ալ Աթարեբ եւ Աս Սաֆիր թաղամասերում զինծառայողները հարձակվել են ահաբեկչական զինված խմբավորման վրա։ Գրոհայինները խոշոր կորուստներ են ունեցել։ Ոչնչացվածներից ճանաչվել են Ադրբեջանի քաղաքացի Հասին Քազլին եւ խմբավորումներից մեկի ղեկավար Ուբեյդա Ալ Մարսին։  Սա Սիրիայի կառավարության եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի դեմ զինված գործողություններին ադրբեջանցի գրոհայինների մասնակցության առաջին պաշտոնական հաղորդումն է։