Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հյունդայի» ընկերության ներկայացուցիչների հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ներկայացնելով Երեւանի տրանսպորտի զարգացման հայեցակարգի ընդհանուր ուղղությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ներկայում շարունակվում է միկրոավտոբուսները մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելու գործընթացը:

«Այժմ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Ուղեւորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ դիմել են «Հյունդայի» ընկերությանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար եւ կարեւոր է, որպեսզի դրանք ժամանակացույցի համաձայն ներկրվեն Երեւան եւ հանձնվեն շահագործման»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ հաջող համագործակցությունը կնպաստի, որպեսզի հետագայում եւս ծավալվի փոխշահավետ եւ արդյունավետ գործակցություն:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` «Հյունդայի» ընկերությանը ԱՊՀ եւ Կենտրոնական Եվրոպայի մասով տնօրենի օգնական Ռոյ Կվոնը վստահեցրել է, որ ընկերության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ` պայմանավորվածության համաձայն առաքումը ապահովելու համար:

«Երեւանը մեզ համար լավ գործընկեր է եւ մենք հույս ունենք զարգացնելու հարաբերությունները` շարունակելով փոխգործակցության ծրագրերը»,-ընդգծել է Ռոյ Կվոնը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է նաեւ Երեւանում ստեղծել Հյունդայի ավտոբուսների վերանորոգման եւ սպասարկաման բազա: