Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախաձեռնողը միայն Ֆրանսիան չէ: Այդ մասին նշել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ պատասխանելով ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցի այն հարցին, թե ղարաբաղյան հիմնախնդրի կայունացման բանակցություններում նախաձեռնությունն ստանձնել է Ֆրանսիան:
«Ղարաբաղյան հիմնախնդրի կայունացման գործընթացում 3 երկրներն էլ հավասար չափով են նախաձեռնություն դրսեւորում: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպումը համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Հնարավոր է, Ֆրանսիայում այդ հանդիպման անցկացման նախաձեռնությունն առաջարկվել է նրանց կողմից: Բանակցությունների շարունակությունը համանախագահ երկրների համատեղ աշխատանքի արդյունքն է», - ասել է նա:
Լուկաշեւիչը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին, սակայն հանդիպման վայրը դեռեւս ճշտված չէ:
«Այդ հանդիպան արդյունքից կախված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այց կկատարեն տարածաշրջան: Մոսկվան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը, որն ուղղված է ղարաբաղյան հիմնախնդրի կայունացմանը: Ամենակարեւորը կողմերի միջեւ բանակցային գործընթացի շարունակությունն է», - ասել է Լուկաշեւիչը:





























