Այն, ինչ տեղի է ունեցել «Ալիաս» ընկերության հետ` ընդամենը թյուրիմացություն է, սակայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այն որակել է որպես անբարեխիղճ մրցակցություն: Այդ մասին NEWS.am-ին ասաց «ԱրմենՏել» ընկերության իրավաբան Դավիթ Սանդուխչյանը:

«Խոսք է գնում մեկ բաժանորդի մասին, որը կարծում է, թե ինքը մոլորեցված է: Գուցե նա լավ չի հասկացել, գուցե մենք լավ չենք բացատրել, բայց որեւէ միտում մեր կողմից չկար: Հանձնաժողովը դա որակել է որպես անբարեխիղճ մրցակցություն, ինչը մենք հասկանում ենք որպես միտումնավոր մոլորեցում` շուկայում նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»,- ասաց Դ. Սանդուխչյանը: Նրա խոսքով` «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթը գործում է մեկ տարի, եւ այդ ընթացքում որեւէ այլ բողոք չի ստացվել: Փաստորեն` ՏՄՊՊՀ-ն մեկ անձի բողոքի հիման վրա 30 մլն դրամի տուգանք է նշանակել:

«ԱրմենՏելի» իրավաբանը նշեց, որ վարույթի ընթացքում որեւէ ապացույց կամ հիմնավորում չի ներկայացվել, որ «ԱրմենՏելի» գործողություններում միտում կա: Թեեւ Դ. Սանդուխչյանը նշեց, որ գուցե կարելի էր բաժանորդին ավելի պարզ բացատրել:

«Սա առաջին դեպքը չէ, երբ ՏՄՊՊՀ-ն պոպուլիստական, ոչ շատ հիմնավոր որոշում է կայացնում»,- ասաց Դ. Սանդուխչյանը, հավելելով, որ դատարանում կվիճարկեն ՏՄՊՊՀ-ի որոշումը:

Դ. Սանդուխչյանի կարծիքով` ՏՄՊՊՀ-ի որոշումը վտանգավոր է նաեւ նրանով, որ վատթարացնում է ներդրումային միջավայրը, ստեղծում է անառողջ բիզնես-մթնոլորտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն 30 մլն դրամով տուգանել է «ԱրմենՏելին»: