Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել` 78 մարդ, եւ չի բացառում, որ նրանց թվում կարող են հայեր լինեն: Այս մասին NEWS.am-իթղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանի հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Նրա խոսքով, հիմնականում քրիստոնյաներով բնակեցված բնակավայրում տեղի է ունեցել երկու պայթյուն. «Զոհերի եւ վիրավորների թիվը ամեն րոպե ավելանում է: Ներկայումս անհայտ է սպանվածների եւ տուժածների ազգային պատկանելությունը: Այս թաղամասում հիմնականում քրիստոնյաներ են բնակվում, այդ թվում` հայեր»:
Ներկայումս ահաբեկչական ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Կանդահարյանը նշել է, որ երկարաժամկետ զինադադարից հետո սա առաջին խոշոր ահաբեկչությունն է Բեյրութում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Լիբանանի մայրաքաղաքում` Բեյրութում, հզոր պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի արեւելյան շրջանում, որը հիմնականում քրիստոնյաներով է բնակեցված: Ականատեսները հաղորդում են պայթյունի վայրում սեւ ծխի առկայության մասին:





























