«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը համաձայն է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խիստ նկատողության հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
«Մենք լիովին համաձայն ենք այս որոշման հետ: Անկասկած, մենք մինչ նիստը հանդիպել ենք հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, բանակցություններ ենք վարել, եւ մեծ հաշվով, գտնում ենք, որ որոշումն արադարացի է: Սկզբում քննարկվում էր ընկերությանը տուգանելու հարցը, սակայն հանձնաժողովը բավարարվեց միայն խիստ նկատողությամբ»,- նշեց Դավթյանը:
Հանձնաժողովն, ըստ Դավթյանի, ունի իր օբյեկտիվ պատճառները: Մասնավորապես, տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը ներդրվել է համեմատաբար վերջերս, եւ հիմա այն կատարելագործելու աշխատանքեր են տարվում` հաջորդ ամռանը համապատասխան խնդիրներից խուսափելու համար:
«Խոսքն այն մասին չէ, որ այցելելով ընկերության կայք, մարդը չի կարող տոմս ձեռք բերել: Հաճախորդը կարող է ձեռք բերել այդ տոմսը` նույն գործողությունը երկու անգամ կատարելով: Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ ուղեւորն այցելելով կայք, չի կարողանում մեկ գործողությամբ գնել նաեւ հետադարձ տոմսը, ինչը համակարգի թերություն է»,-նշեց նա: Դավթյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանից Վրաստան հետադարձ տոմսը հաճախորդները կարող են ձեռք բերել ինչպես թղթային,այնպես էլ էլեկտրոնային տեսքով: Ընդ որում տոմսեր գնելիս` դրամարկղերում ոչ մի խնդիր չի եղել:
Ինչ վերաբերում է այն բողոքներին, որ տոմսերի վերադարձման ժամանակ ընկերությունը որպես տուգանք գանձում է արժեքի 15%-ը, ապա Դավթյանը նշեց, որ դա ընդունված պրակտիկա է:





























