Կաթնամթերքի բաղադրության լաբորատոր ստուգումները շատ պարզունակ մեթոդներով են իրականացվում, եւ միշտ չէ, որ վստահելի են: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արզնի կաթ» ընկերության հիմնադիր Արմեն Ջանվելյանը: Նրա տեղեկացմամբ` կաթնամթերքում բուսական յուղի առկայության ստուգումը սահմանափակվում է միայն սպիտակ եւ դեղին գնդիկների առկայության ճշտմամբ, ինչն իրական պատկեր չի ստեղծում: Այսինքն` հնարավոր է անարատ կաթից թթվասեր կամ կարագ ստանալ, սակայն լաբորատոր ստուգումը դրանում հայտնաբերի բուսական յուղ` սպիտակ գնդիկների գերակշռության պատճառով: Նույն կերպ` գյուղական անարատ հնոցի կարագում կարելի է բուսական յուղ հայտնաբերել: Ըստ Ա. Մանվելյանի` եղել է դեպք, երբ իրենք լաբորատորիային են հանձնել անարատ կաթից պատրաստած թթվասեր, սակայն լաբորատորիան եզրակացրել է, որ դրանում բուսական յուղ է խառնված:

Ինչ վերաբերում է սոդային, որ հայտնաբերվել է որոշ ընկերությունների կաթնամթերքում (պաշտոնապես` «Արզնի կաթի» կաթնամթերքում սոդա չի հայտնբերվել), ապա Ա. Մանվելյանը չբացառեց, որ սոդա կարող է ավելացվել այն կաթին, որի տեղափոխման համար շատ ժամանակ է պահանջվում:  Սոդան տվյալ դեպքում փոխադրողի կողմից օգտագործվում է կաթի թթվումը կանխելու համար, սակայն այդ կաթն այնուհետ հնարավոր չէ օգտագործել կաթնաշոռի կամ թթվասերի պատրաստման համար, քանի որ մակարդը չի աշխատի: Ա. Ջանվելյանը կտրականապես հերքեց, թե «Արզնի կաթում» սոդա են խառնում կաթնամթերքին: «Դրա կարիքը չունենք, քանի որ միայն մեր ֆերմաների կաթն ենք օգտագործում»,- ասաց Ա. Մանվելյանը:

«Արզնի կաթի» սեփականատերը չբացառեց, որ ձմռանը հնարավոր է կաթնամթերքի գների վերանայում, քանի որ թանկացել է անասնակերը: «Գյուղատնտեսական կերերը գնալով թանկանում են` թե հատիկային կերը, թե խոտը կրկնակի թանկ է անցյալ տարվա համեմատ: 17 կգ-անոց խոտի տուկերը անցյալ տարի 500 դրամով էինք գնում, ներկայում 1000 դրամով: Անցյալ տարի եգիպտացորենը 350 դոլար էր, հիմա 500 դոլար: Կաթնամթերքի ինքնարժեքը կախված է կերից: Ներկայում անասունները արոտային պայմաններում են, մեկ ամսից կենդանիները կանցնեն մսուրային շրջանի, այդ ժամանակ հնարավոր է գների թանկացում եւ վերահաշվարկ»,- ասաց Ա. Ջանվելյանը: