«Հրապարակը» գրում է. «Ինչպես եւ սպասվում էր` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ԵԺԿ համագումարում կուսակցության ղեկավար մարմինների ընտրության ժամանակ Հունգարիայի վարչապետ, ԵԺԿ նախագահի տեղակալ, «չարաբաստիկ» Վ. Օրբանը, որի անունը կապված է Սաֆարովի արտահանձնման գործընթացի հետ, չի ընտրվել եւ դուրս է մնացել ԵԺԿ ղեկավար կազմից: Ավելին` նրան նույնիսկ ելույթի հնարավորություն չի տրվել, եւ ընդհանրապես, Հունգարիայի պատվիրակության մասնակցությունը համագումարին շատ կաշկանդված է եղել,- տեղեկացնում են մեր աղբյուրները:
Նմանատիպ վիճակում է եղել նաեւ ադրբեջանամետի համարում ունեցող ԵԺԿ ակտիվ անդամ, Ռումինիայի նախագահ Տ. Բասեսկուն, որին մշտապես սատարել է ԵԺԿ-ն: Ըստ նույն աղբյուրների` վերջինիս հաղթելու շանսերը Ռումինիայում դեկտեմբերին սպասվելիք նախագահական ընտրություններում գրեթե զրոյական են: Իսկ հյուրի կարգավիճակով համագումարին մասնակցող Ադրբեջանը թվարկվել է ոչ եվրոպական երկրների` Աֆղանստանի եւ Պաղեստինի հետ նույն շարքում, թեեւ այն եւս ԵՄ արեւելյան գործընկերության անդամ է:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա համագումարին մասնակցող Սերժ Սարգսյանը զրույց-հանդիպումներ է ունեցել, այդ թվում եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ: Նախագահի կողքին նստած է եղել Սահակաշվիլին, նրանք բավականին երկար հաղորդակցվել-զրույց են ունեցել. երեւի «փորձի» փոխանակում են կատարել` կապված վրացական վերջին ընտրությունների հետ:




























