Վրաստանի հասարակական կազմակերպությունները երկրի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիին խորհուրդ են տվել վերանայել Վրաստանի փախստականների եւ գրավված տարածքներից հարկադիր վերաբնակեցվածների գործերով ապագա նախարար Դավիթ Դարախվելիձեի թեկնածության հարցը։

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը, ընտրությունների ընթացքում եւ դրանցից հետո էլ Ամբրոլաուրիի միամանդատ շրջանում առաջադրված «Վրացական երազանքի» թեկնածու Դարախվելիձեն մի շարք այլատյացական հայտարարություններ է հնչեցրել, օրինակ այն, որ «Թբիլիսիում ամեն երրորդը սեւամորթ է», «Վրաստանը վրացիների համար», ինչպես նաեւ բավական անքաղաքավարի է վարվել լրագրողների հետ։

 «Մենք համապատասխան նամակ ենք ներկայացրել, հուսով ենք` մեր դիտողությունները հաշվի կառնվեն, եւ ապագայում այլատյացություն ու ատելություն քարոզող թեկնածուներ չեն առաջադրվի», - նշել է Առնոլդ Ստեփանյանը։ միաժամանակ, նա հավելել է, որ Դավիթ Դարախվելիձեի նշանակումը «մեծ ողբեգություն չի դառնա», քանզի նա արդեն մի քանի անգամ ներողություն է խնդրել՝ իր խոսքերը բացատրելով նյարդայնացած լինելու հանգամանքով։

Հայտարարության տակ ստորագրել են Վրաստանի երիտասարդ իրավաբանների միությունը, «Սահմանադրության 42-րդ հոդված», «Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան», «Միջազգային հանրություն՝ հանուն արդար ընտրության եւ ժողովրդավարության», «Վրաստանի լրագրողների էթիկայի խարտիա», «Վրաստանի տարածաշրջանային մեդիաների միություն», «Բազմազգ Վրաստան», «Կանաչ այլընտրանք» կազմակերպությունները, «Բաց հանրություն՝ Վրաստան» հիմնադրամը։