Լուրը, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հայ երեխա է վիրավորվել, չի հաստատվել։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, հայ երեխայի զոհվելու կամ վիրավորվելու մասին տվյալներ չեն ստացվել։ Միաժամանակ նա հաստատել է հայ կնոջ մահվան լուրը։ «Զոհվածների ցուցակում նշված է Ջորջետա Սարգսյանի անունը», - հայտնել է Շահան Քանդահարյանը։
Շահան Քանդահարյանի խոսքով՝ Բեյրութում դրությունը լարված է։ Մայրաքաղաքի եւ այլ քաղաքների փողոցներում սունիների զինված ջոկատները անվադողեր են այրում՝ պարբերաբար փողոցները փակելով խարույկներով։
«Այսօր սգո օր է։ Բայց կարծում եմ, որ վաղը կամ մյուս օրը պաշտոնական հայտարարություն կլինի», - նշել է Շահան Քանդահարյանը։
Նախօրեին ահաբեկչական ակտ էր տեղի ունեցել Բեյրութի Սասին հրապարակում։ Արդյունքում ութ մարդ զոհվել էր, 100-ից ավելին՝ վիրավորվել։
Զոհվածների շարքում է ներքին զորքերի հետախուզական բյուրոյի պետ, ջոկատային գեներալ Վիսամ ալ-Հասանը։





























