«Ամուսնացեք, բաժանվեք… ձեր գործն է»: Խորհրդարանում այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով «Ժառանգություն» խորհրդարանական  խմբակցության տարաձայնությունները:

Նրա խոսքով` արդեն մի քանի ամիս է «Ժառանգություն» խմբակցության ներքին տարաձայնություններն ակնհայտ էին:  «Ես դա չէի կանխատեսում, պարզապես քաղաքական գործիչը պետք է իրավիճակը մի քանի քայլ առաջ տեսնի: Եւ սա տարբերակներից մեկն էր:  Խմբակցության տարաձայնություններն ակնհայտ էին այս կամ այն հարցի քվեարկության դեպքում: Անուն չեմ նշի, բայց նույն իրավիճակն է մեկ այլ խմբակցությունում, որի անդամները տարբեր կերպ են քվեարկում, այն դեպքում, երբ պետք է խմբակցության միասնական դիրքորոշումը ներկայացնեն»,-  նշել է փոխխոսնակը` ակնարկելով ընդդիմադիր  «Հայ ազգային կոնգրես» խմբակցությանը:

Շարմազանովը նաեւ նշել է, որ խմբակցության անդամները պետք է միակարծիք լինեն, մինչդեռ եթե քվեարկության ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քվեարկում է մի կերպ, իսկ Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը` այլ, ապա Զարուհի Փոստանջյանն էլ քվեարկում է իր հայեցողությամբ:  «Դրանից ելնելով` կարելի է ենթադրել այդ խմբակցության հետագա ճակատագիրը:  Ես դեմ եմ որեւէ արհեստական երեւույթի` լինի դա հարսանիք կամ քաղաքական միություն»:

Բացի դրանից, Շարմազանովը նշել է, որ  այն խմբակցությունները, որոնցում տարաձայնություններ կան, նախագահի թեկնածու առաջադրելու  հնարավորություն չունեն , քանի որ ամեն ինչին հետեւող ժողովուրդը դժվար թե լուրջ ընդունի  նման քաղաքական ուժի թեկնածուին: