Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ` հոկտեմբերի 23-ի երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի եւ լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության, ինչպես նաեւ Հայաստանում հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման առաջարկված ծրագրի նախագնահատման առաքելության աշխատանքային խմբին։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով խմբի ներկայացուցիչներին, Դերենիկ Դումանյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ համատեղ ուրվագծված ծրագրերը նախարարության համար կարեւոր եւ առաջնային են։ Նախարարն առաջին հերթին անդրադարձավ «Ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկում եւ կառավարում» վարկային ծրագրին։ Այն ենթադրում է բնակչության ռիսկի խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, արդյունավետ բուժմանը եւ այդ հիվանդություններից մահացության կրճատմանն ուղղված սկրինինգային ծրագրերի մշակում եւ իրականացում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ: Կիրականացվի նաեւ բնակչության իրազեկման ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի ֆակտորների վերաբերյալ:
Երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով նախատեսվում է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացում, այդտեղ բարձրդեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծում, Ուռուցքաբանության, ինչպես նաեւ Վանաձորի նոր բժշկական կենտրոնների կառուցում եւ հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախարար Դումանյանի հետ հունիսին կայացած հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է։ Հաստատվել է ծրագրի առաջին բաղադրիչի իրականացման համար թիմի կողմից ներկայացված դրամաշնորհային ծագիրը, որը հնարավորություն կտա իրականացնել վարկային ծրագրի արդյունքների գնահատում եւ մոնիտորինգ, ինչպես նաեւ տեխնիկապես հզորացնել ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության տեղեկատվական համակարգը։
Այնուհետեւ նախարար Դումանյանը ՀԲ-ի երկրորդ վարկային ծրագրի եւ լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության նախագնահատման առաքելության աշխատանքային խմբի հետ քննարկեց ծրագրով նախատեսվող մյուս բաղադրիչների իրականացման հետ կապված հարցեր։ Խմբի փորձագետները պատրաստակամություն հայտնեցին մինչեւ իրենց առաքելության ավարտն աջակցել նախարարությանը։
Դերենիկ Դումանյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի ու քննարկումների համար եւ հույս հայտնեց, որ միասին կկարողանան գտնել առաջին հերթին սոցալապես անապահով խմբերի, երեխաների եւ կանանց առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման երկկողմանի ընդունելի մոտեցումներ։





























