Doing business-2013-ում Հայաստանի զբաղեցրած 32-րդ տեղը լավագույնն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցման խորհրդի նիստում: Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել միանգամից 18 կետով, որը լավագույն տեմպն է ԱՊՀ տարածքում: Համեմատության համար՝ Ղազախստանը առաջընթաց է ապրել 7 կետով, Բելառուսը՝ 2, Մոլդովան՝ 3, Ռուսաստանը՝ 8, Ուկրաինան՝ 15, Տաջիկստանը՝ 14: Անցյալ տարի առաջընթացի տեմպով առաջինը Ղազախստանն էր: Արդյունքում՝ Հայաստանը առաջ է անցել ԱՊՀ բոլոր երկրներից, իսկ տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին: Ադրբեջանի դիրքը վատացել է 1 կետով, իսկ Թուրքիայինը՝ 10 կետով:
Doing business-2013-ը հրապարակվել է «Խելամիտ կարգավորումներ միջին եւ փոքր բիզնեսի համար» խորագրի ներքո:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ անցյալ տարի քննարկվում էր Հայաստանի դիրքը ընդամենը 5 կետով բարելավելու հարցը, ու այդ նպատակին համապատասխան էլ հանձնարարական է տրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Նրա խոսքով՝ Հայաստանը դեռեւս պոտենցիալ ունի իր դիրքերը Doing business-ում բարելավելու համար:





























