Երեւանը կունենա արտաքին ձեւավորման եւ գովազդի հայեցակարգեր։ Հայեցակարգի մշակմանը վերաբերող քննարկումները տեղի կունենա «Popok» գովազդի միջազգային 3-րդ փառատոնի շրջանակում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ «Popok»-ի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին։ «Սա հայեցակարգի կազմման առաջին փուլն է, այդ պատճառով բոլորին կոչ եմ անում ակտիվ մասնակցել քննարկումներին»,- նշեց Բաղդասրյանը։

«Popok» գովազդի միջազգային փառատոնի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Popok»-ին այս տարի մասնակցելու են հայտնի մասնագետներ, եւ ընկերությունների ներկայացուցիչներ 15 երկրներից։ «Փառատոնում այս տարի առաջին անգամ ընդգրկվել է «Գիրք» անվանակարգը, որը սահմանվել է 2012թ-ին Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակվելու կապակցութամբ։ Բացի դրանից կան «Հեռուստա եւ վիդեոգովազդ», «Տպագիր եւ արտաքին գովազդ», «Թվային եւ նոր գովազդակիրներ», «Ռադիոգովազդ», «Մարքետինգային արշավ» եւ «Գրաֆիկական դիզայն» անվանակարգեր»,- ասաց նա՝ նշելով, որ փառատոնի շրջանակում ժյուրին կանցկացնի նաեւ մաստեր կլասներ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը փառատոնին կմասնակցեն գովազդի եւ մարքետինգի հայտնի մասնագետներ Անդրեյ Լոնգվինը՝ Ռուսաստանից, Վլադ Սավելեւը՝ Բելառուսից, Անդրեյ Տարականովը՝ Ռուսաստանից, Վյաչեսլավ Ֆոկինը՝ Ոիկրաինայից, Վախթանգ Վախթանգիշվիլին՝ Վրաստանից, Հենդի Գյուլերը՝ Թուրքիայից, Եվգենի Պրիմաչենկոն՝ Նիդերլանդներից եւ այլք։

Փառատոնը կտեւի 3 օր։ Մասնակիցների մաստեր-կլասներին արդեն մասնակցելու ցանկություն են հայտնել մոտ 50 ընկերություններ, որոնց զգալի մասը արտասահմանից են։