Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին ԱԺ մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել գործարարների՝ Հայաստան կատարած այցի առնչությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում:
Անդրադառնալով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների նկատելի աշխուժացմանը՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է հատկապես միջխորհրդարանական համագործակցության դերը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, վստահություն է հայտնել, որ վերջիններս, լավագույնս օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Շվեյցարիա-ԱՊՀ համատեղ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, Ժնեւի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը կարեւորել է այն սերտ հարաբերությունները, որ առկա են երկու երկրների միջեւ: Նրա խոսքով՝ այդ կապերի հետագա խորացման, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա աշխուժացման նպատակ է հետապնդում պատվիրակության այցը Հայաստան: Նա եւս կարեւորեց Շվեյցարիայի եւ Հայաստանի խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ դրանում աստիճանաբար ավելի մեծ տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին: Գի Մեթանը նշեց, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացմամբ երկկողմ հարաբերություններում սկսվել է նոր փուլ. այն բնորոշվում է հատկապես տնտեսական ու մշակութային կապերի հաստատմամբ եւ ամրապնդմամբ:
Երկու երկրների միջեւ բարեկամության եւ փոխադարձ վստահության հաստատման գործում երկուստեք ընդգծվեց Շվեյցարիայի հայ համայնքի դերակատարությունը: Գոհունակությամբ նշվեց, որ պատվիրակության մաս են կազմում ինչպես Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Լյուկ Բարթասան, այնպես էլ շվեցարահայ համայնքի գործարար ներկայացուցիչներ:
Լյուկ Բարթասան նշեց, որ իրենք տպավորված են Հայաստան կատարած այցից, ունեցած արդյունավետ հանդիպումներից, որոնցից ակնկալում են գործնական արդյունքներ: Նա տեղեկացրեց, որ այս անգամ առիթը բաց չեն թողնելու այցելելու նաեւ Լեռնային Ղարաբաղ: Այս կապակցությամբ ԱԺ նախագահը ողջունեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը, ինչը լավ հնարավորություն էր տեղում իրավիճակին ծանոթանալու եւ օբյեկտիվ դիրքորոշում ձեւավորելու համար:





























