Սիրիահայ համայնքի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր աշխատանքները: Ընդամենը մեկ շաբաթ առաջ, հոկտեմբերի 15-ին Սիրիա տեղափոխվեց մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը` 14 տոննա պարեն։ Այսօր «Սիրիական ավիաուղիների» Երեւան- Հալեպ թռիչքով Սիրիա կփոխադրվի երկրորդ փուլի հումանիտար բեռը: Ըստ նախնական ծրագրի կորդեգրվի հումանիտար բեռը փոխադրելու այս ճանապարհը։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում մինչեւ օրս կուտակվել է 45 տոննա պարենամթերք։
«Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ, քաղաքական գործիչներ եւ գործարարներ շարունակում են արձագանքել սիրիահայ համայնքին նյութական եւ բարոյական աջակցություն ցուցաբերելու մեր կոչին։
Նախաձեռնությանը միանում են նորանոր կազմակերպություններ`«Սիվիլիթաս» հիմնադրամը՝ փոխանցելով 3 մլն դրամ, «Դինո գոլդ մայնինգ»-ընկերությունը՝ 1 միլիոն դրամ, «Ավեստա» ընկերությունը՝ 100000 դրամ, Պռոշյանի գինու եւ կոնյակի գործարանը` 3000 տուփ բանջարեղենային պահածո։ Դրամական փոխանցումներ են եղել նաեւ մի շարք մտավորականների՝ դերասաններ Ազատ Գասպարյանի, Անդրանիկ Հարությունյանի, նկարիչ Հաղթանակ Շահումյանի, ֆրանսահայ գրող Մովսես Փչաքճեանի կողմից:
Հիշեցնենք, որ մինչ այս նախաձեռնությանն էին միացել ԼՂՀ Գյուղի եւ գյուղաջակցության հիմնադրամը, «Ալեքս Գրիգ» «Արտֆուդ», «Աշտարակ կաթ», «Մարիաննա», «Սաս գրուպ», «Գրանդ հոլդինգ», «Միկ մետալ» «Պրոտոն, «Իզոտոպ Դելտա», «Հայռուսգազարդ», «Արմսվիսբանկ», «Հարվալ Մաշինարի» ընկերությունները, «Նուշիկյան ասոցիացիան», «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Վիվասել-Մտս» ընկերությունը, Երեւանի 19-րդ ամբուլատորիան, Սեբաստիա բժշկական կենտրոնները, «Էլեն-Նարե» ծննդօգնության կենտրոնի աշխատակիցները, ԱԺ «Հանրապետական», «Օրինաց երկիր» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում շարունակվում է նաեւ Վիվասել-Մտս-ի կապի ծառայության ցանցում sms նվիրատվության ակցիան, որի մեկնարկից դեռ մեկ շաբաթ է անցել, բայց արդեն շուրջ 6300 բաժանորդ իր ազգային տուրքին։
Այժմ նախաձեռնության կողմից իրականացվում են նաեւ աշխատանքներ Հայաստանում գտնվող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Առաջիկա օրերին պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքների։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպություններին, որոնք իրենց շատ կարեւոր ներդրումն են բերում հակամարտության արդյունքում անդառնալի կորուստներ կրող սիրիական համայնքին»,- ասված է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:





























