Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերային:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Վիերան նշեց, որ Մեքսիկայի խորհրդարանը ցանկանում է իր նպաստը բերել հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ նախորդ գումարման Պատգամավորների պալատի ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլ նաեւ  կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը,  որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Նախարարի բնորոշմամբ նման քայլերը վնաս են հասցնում միջազգային հանրության կողմից հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին, վտանգում են տարածաշրջանային կայունությունը:

Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասաց, որ տեղյակ է վերոհիշյալ հայտարարության բացասական հետեւանքների մասին, պարզաբանումներ տվեց այդ կապակցությամբ եւ  ընդգծեց, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին եւ խորհրդարանին այլ դիրքորոշման վերագրման փորձերը չեն համապատասխանում իրականությանը:

Էդվարդ Նալբանդյանը  գոհունակություն հայտնեց Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաեւ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանը գործուն քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տեղեկացրեց ՀՀ ԱԺ-ում Մեքսիկայի Սենատի եւ Պատգամավորների պալատի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին եւ փոխանցեց Սենատի եւ Պատգամավորների պալատի ղեկավարներին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձները:     

 Ֆրանցիսկո Արոյո Վիերան ասաց, որ Պատգամավորների պալատում եւս շուտով ձեռնամուխ կլինեն Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ձեւավորմանը, ինչն անկասկած փոխգործակցության կարեւոր ձեւաչափ կդառնա: 

Մեխիկոյում ԱԳ նախարարը հանդիպեց նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Մեխիկոյում ունեցած հանդիպումների արդյունքները, պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերին:

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Մեքսիկա լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից: Մեքսիկայի մամուլը   բազմաթիվ հրապարակումներով անդրադարձավ Ադրբեջանի նախկին  նախագահի եւ այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրումից հետո ստեղծված իրավիճակին՝ որակելով այն որպես հարված Մեքսիկայի ժողովրդի արժանապատվությանը:

Մեքսիկայի արտգործնախարարությունից Հայաստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրեցին, որ հանրային կարծիքի խիստ դժգոհության հետեւանքով Մեխիկոյի քաղաքապետարանը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծել՝ ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը որոշելու նպատակով:  

Ավարտելով այցելությունը Մեքսիկա՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Գվատեմալա: