Հայաստանի Կառավարության ծրագրերը համահունչ են ՄԱԿ-ի ծրագրերին: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (UNDP) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, որն ավարտոււմ է առաքելությունը:
Նրա խոսքով`Կառավարության ծրագիրը հանգամանորեն ուսումնասիրվել է եւ դրա հիմնական նպատակները մեծ մասամբ համահունչ են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի առաջնահերթույթուններին: «Պետական կառույցների աշխատանքի մեխանիզմի կատարելագործումը, դրանց առավել բարձր արդյունավետությունն առաջնահերթություններ են, որոնք ամբողջապես ընդունում եւ որոնց աջակցում է ՄԱԿ-ը», – նշել է Գերչեւան:
Ըստ ՄԱԿ-ի համակարգողի ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար չափազանց կարեւոր է արդյունաբերության եւ արտաքին առեւտրի զարգացումը:
«Մենք նաեւ կարեւորում ենք ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովումը, ինչը եվրոպական քաղաքականության հիմնական ուղղություններից է: Հայաստանը դրան հավատարիմ է», - հավելել է Դաֆինա Գերչեւան:



























